Հայկական պատվիրակությունը Բաքվում է. «Խաղաղության կամուրջ»-ի մասնակիցների անունները հայտնի են
20 հոգանոց խումբը, որի կազմում են հայտնի փորձագետներ ու լրագրողներ, ցամաքային սահմանով մեկնել է Ադրբեջան։
Today News
10.04.2026 08:31
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ ապրիլի 10-ից 12-ը Բաքվում տեղի է ունենալու «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հերթական կլոր սեղանը։ Հայաստանից արդեն ժամանել է 20 հոգանոց պատվիրակություն՝ բաղկացած քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից, փորձագետներից ու լրագրողներից։
Ովքե՞ր են մեկնել Բաքու։ Հրապարակված կադրերից և տեղեկություններից պարզ է դառնում, որ պատվիրակության կազմում են քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, Հանրային ՀԸ աշխատակից Տաթև Դանիելյանը, Երևանի մամուլի ակումբի նախկին նախագահ Բորիս Նավասարդյանը, ինչպես նաև Արեգ Քոչինյանը, Լուսինե Խարատյանը և Նաիրա Մարտիկյանը։
Նշվում է, որ խումբը Ադրբեջան է հասել ցամաքային սահմանով։ Մինչ պատվիրակությունը մասնակցում է «խաղաղասիրական» քննարկումներին, սոցիալական հարթակներում արդեն քննադատության ալիք է բարձրացել։ Մասնավորապես, նշվում է, որ այս նախաձեռնության շրջանակներում որևէ քայլ չի արվել Ադրբեջանում ապօրինի պահվող 19 հայ գերիներին տեսակցելու ուղղությամբ։
Աղբյուր՝ tertammedia, YerevanTodaynews, twentyfournews, reartsakh



